Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մանկական հիվանդություններ

Սակավարյունություններ. հիպոպլաստիկ և ապլաստիկ

Բնորոշվում են արյունաստեղծման ֆունկցիայի անկումով։ Ընկճվում են ոսկրածուծի 3 հիմնական ծիլերը։ Ոսկրածուծի հիպո կամ ապլազիայի հետևանքով զարգանում է սակավարյունություն, լեյկոպենիա և թրոմբոցիտոպենիա։ Սակայն հիվանդության սկզբնական արտահայտությունը սակավարյունությունն է։

 

Էթիոլոգիան։ Ըստ հիվանդության առաջացման պատճառների տարբերում են հիպո և ապլաստիկ սակավարյունությունների երկու խումբ՝ բնածին (անհայտ պատճառների) և ձեռքբերովի, որոնք առաջանում են որոշակի վնասակար գործոններից։ Հիպոպլազիա կարող է առաջանալ դեղանյութերի օգտագործումից (ցիտոստատիկ դեղամիջոցներ, որոշ հակաբիոտիկներ՝ լևոմիցետին, ստրեպտոմիցին և այլն), քիմիական նյութերից (բենզոլ, ծանր մետաղներ և այլն), ճառագայթային էներգիայից (ռենտգենյան ճառագայթներ, ռադիոիզոտոպներ), զանազան վարակներից (սեպսիս, գրիպ, տոքսոպլազմոզ, սիֆիլիս և այլն)։ Հիպոպլաստիկ սակավարյունությունը զարգանում է ոսկրածուծային արյունաստեղծության վրա նշված գործոնների թունավոր ազդեցությունից։ Ընկճվում է արյան տարրերի զարգացումը, նրանց տարբերակումը։

 

Հիպոպլաստիկ սակավարյունության պատճառ կարող է հանդիսանալ ոսկրածուծի բջիջների վրա ազդող հակամարմինների առկայությունը։ Դա ապացուցվում է նրանով, որ մի շարք իմունահեմատոլոգիական ուսումնասիրություններով ոսկրածուծի բջիջների նկատմամբ աուտոհակամարմիններ են հայտնաբերվել։

 

Բնածին հիպո և ապլաստիկ սակավարյունությունների շարքին են դասվում Ֆանկոնիի և Դայմոնդ-Բլակֆանի սակավարյունությունները։

 

Ֆանկոնիի սակավարյունությունը զարգանում է արյան բջիջներում ԱՏՖ-ի փոխանակության խանգարման և հեքսոկինազայի արատի հետևանքով։ Այս ձևին բնորոշ է խիստ արտահայտված սակավարյունությունը, զուգորդված լեյկոպենիայի և թրոմբոցիտոպենիայի հետ։ Հանդիպում են ավելի հաճախ տղաների մոտ և պատճառ է լինում զգալի ֆիզիկական թերզարգացման։ Ոսկրածուծի պունկցիան ոսկրածուծի ապլազիա է հայտնաբերում։

 

Դայմոնդ-Բլակֆանի սակավարյունության ժամանակ ախտահարվում է միայն ոսկրածուծի էրիթրոցիտային ծիլը, թրոմբոցիտոպենիա և լեյկոպենիա սովորաբար չի լինում։ Կլինիկան արտահայտվում է սաստկացող սակավարյունությամբ։ Հաճախ հանդիպում է վաղ մանկական և կրտսեր տարիքի երեխաների մոտ։

 

Բնածին ապլաստիկ սակավարյունությունների շարքին է պատկանում Էոլիխի էսենցիալ (անհայտ էթիոլոգիայի) սակավարյունությունը։ Ըստ էության ապլաստիկ սակավարյունություն է, որն ի տարբերություն ձեռքբերովի հիպո և ապլաստիկ սակավարյունությունների, սուր ընթացք ունի։ Արտահայտվում է հեմոռագիկ երևույթներով, մաշկի և լորձաթաղանթների մեռուկային փոփոխություններով, էրիթրոցիտների, լեյկոցիտների, թրոմբոցիտների պակասով։ ԷՆԱ խիստ արագանում է։ Լյարդը և փայծաղը միշտ չեն մեծանում։ Ոսկրածուծի բոլոր ծիլերի հասունացումն արգելակվում է (պանմիելոֆթիզ)։

 

Բուժումը։ Հիմնականում ախտանշային է։ Լայն չափով կիրառվում է արյան, էրիթրոցիտային զանգվածի փոխներարկում։ Ցուցված է կորտիկոստերոիդների կիրառումը։

 

Կարելի է կատարել նաև ոսկրածուծի փոխպատվաստում, որը հիվանդների մի մասի մոտ նպաստում է ռեմիսիայի երկարացմանը։

 

 

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ